Հայաստանն այսօր պատերազմում է երկու ճակատով

Փաստորեն, Հայաստանն այսօր պատերազմում է երկու ճակատով` նյութական և հոգևոր: Այսինքն, սահմանին` թշնամու դեմ, և ներսում` մայրաքաղաքում, հենց Երևանի սրտի մեջ, յուրայնի` իր իսկ ընտրած իշխանության, ի պատասխան հոգևոր արժեքները դուխով ծեփելու մարտահրավերին:

Ես չգիտեմ, այդ երկու ճակատներից ո՞րն է ավելի կարևոր ու առաջնային, և չեմ էլ փորձում հապճեպ պատասխանել, ինչպես ասում են` վերնագիրը՝ վերջում: Այդուհանդերձ, երկուսն էլ նույն անունն ունեն` պատերազմ, իսկ պատերազմում կամ հաղթում են, կամ պարտվում: Զինվորը պարտավոր է, և դա իր քաջությունն է, սահմանին հաղթել` պաշտպանելով հայրենիքը, որը և՛ նյութական, և՛ հոգևոր արժեք է: Իսկ մտավորականի քաջությունն է՝ պահպանել ժառանգաբար փոխանցված, նաև իր հավելած հոգևոր Հայաստանը:

Առաջին դեպքում զինվորը հասկանում է, թե ուր է գնում և ինչ է անում, ումից ինչ է պաշտպանում, և ամենակարևորը, կոնկրետ ում դեմ է կռվում` թշնամու: Իսկ երկրորդի դեպքում` դիմացը յուրայինն է: Այստեղ է, որ մտավորականը կարկամում, թևաթափ է լինում. ո՞ւր է գնում և ի՞նչ է անում, ումից՝ ինչ է պաշտպանում, և ամենակարևորը՝ կոնկրետ ում դեմ է կռվում:

Խորհրդային Միության ժամանակ շատ բան էր արգելված: Կայսրության մեջ էինք ապրում, ինքնիշխան չէինք, ոչ էլ մեր գլխի տերն էինք: Իսկ 1988-91թթ. ազգային զարթոքի տարիներին ոգևորված էինք, և շատ արդարացիորեն, թե կանկախանանք, մեր արժեքներին տեր կկանգնենք, մեր պատմությունը ճիշտ կշարադրենք, վերջապես արժանապատվորեն կվերադառնանք մեր ինքնությանն ու արմատին:

Սակայն անկախության հենց առաջին տարուց սկսած մեր տեսլականի լուսավոր ու դեռ փխրուն մարմինը փշուր-փշուր եղավ: Այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեր կրթական համակարգում, այդ չափորոշիչների արմատն ու հենքը փնտրեք անցյալ դարի 90-ականների սկզբի մեջ: Ապազգայնացման գործընթացը մեկնարկեց հենց այդ տարիներին և որոշակի ընթացք ստացավ, սակայն ձախողվեց: Մեր ներսն ու դուրսը պայմանավորող շատ արժեքների գործունեությունը դադարեցվեց… անգամ հիշելն է նողկալի: Մտավորականությանը դարձրեցին ծիծաղելի, ավելորդ ու արհամարհված: Մի ազգ, որ միշտ հպարտացել էր իր մտավորականով, հանկարծ լուսանցքում տեսավ նրան՝ որպես անարժեք խզբզոց: Իհարկե, այս ամենն արվում էր պատերազմի և չքավորության քողի տակ:

Պատահական չէր, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց https://168.am/2020/08/05/1346987.html կրթական չափորոշիչների սահմանմանը, ով սովորաբար լուռ է կամ հազվադեպ է արձագանքում երկրում կատարվող իրադարձություններին: Նույնիսկ արժանապատվությանը հասցվող վիրավորանք հնչեցրեց, որ պատմություն կեղծելը թուրքերին և ադրբեջանցիներին է բնորոշ: Իրականում սահմանեց, թե մեր պատմությունը ե՞րբ է սկսվում և ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում: Կարևորը նրա չափած սահմանն է, ոչ թե պատմաբանների գիտական աշխատությունները: Ո՞վ են գիտնականները և ի՞նչ են խոսում, թող գնան իրենց գործով զբաղվեն… Գուցե գիտական աշխատությունների հեղինակ գիտնականների գործը ոչ թե դասագիրք գրելն է կամ գիտականորեն ապացուցված պատմությունը կրթական համակարգ ներմուծելը, այլ, ասենք` Գնունիում վարդակ վաճառե՞լը:

Նոր Հայաստանում՝ նոր մտածողություն, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նաև` ազգային ռազմավարությունը հենց այսօրվանից է սկսվում, այսինքն` մինչ այդ առոչինչ էր: Ամեն բան զրոյական կետից է սկսվում, արցախյան բանակցությունները, կրթական համակարգը և, ի վերջո, երկիրը` Նոր Հայաստան. անցյալի հետ որևէ կապ ու աղերս չունեցող ներկա: Այս հարթության վրա արդյո՞ք մենք կապ ունենք մեր ծնողների հետ, էլ չեմ ասում՝ պապերի… Իսկ մենք մեզ հետ կապ ունե՞նք, թե՞ ամբողջը հին Հայաստան է: Հիմա փորձում եմ շոշափել մաշկս` ե՞ս եմ, թե՞ ես չեմ, որտե՞ղ եմ, հնո՞ւմ, թե՞ նորում, պատմության մեջ եկվո՞ր եմ, թե՞ բնիկ: Ո՞վ ինձ կհուշի, երկնքում և երկրի վրա էլի եղե՞լ է մեկը, որ ամեն բան ժխտի և զրոյից սկսի: Թող Աստված երիցս ինձ ների, անգամ Փրկչի վարդապետությունը, որ նորովի է երկինքն ու երկիրն ընդգրկում, հետքրիստոնեական ըմբռնումով կանոնակարգած` Հինկտակարանային հղումներ ունի, չի կտրում, զրոյից չի սկսում:

Այնպես որ, ինչպես ասում էր` հանգիստ տեղներդ նստեք, նոր չափորոշիչները չեն փոխվելու, հաստատվելու են, քանի որ ազգային ռազմավարություն է: Այսինքն, մտավորականներս, որ մեր ինքնության մանրակրկիտ տերն ենք, ազգային փոքրամասնություն ենք սեփական երկրում: Գուցե արդեն սեփական չէ, մենք էլ յուրային չենք, այլ հեռավոր ենք… հա՛, 5-րդ շարասյուն են ասում: Երբ 88-ին Օպերայի բազալտե աստիճաններին էինք քնում նստացույցի օրերին, նաև այսօր պայքարող հենց այդ գիտականների հետ, որ դեռ պատանի էին, կամ մինչ այդ Ղարաբաղում շարժում էինք փորձում բորբոքել, ինչպես ասում են` բզբզողներն էինք, կարհամարհեինք նրան, որ կասեր մեզ, թե մեր երազած երկրում այս կարգավիճակում ենք լինելու:

Այդուհանդերձ, հաղթողը մենք ենք, ինչպես էն ժամանակ հաղթեցինք: Խորհրդային տարիներին արգելված էր այն ամենը, կամ գուցե մասամբ, ինչ հիմա են փորձում արգելել: Հաջողեցի՞ն… իհարկե ո՛չ: Ետ գնանք մեր ծննդից առաջ: Շուրջ երեսուն տարի արգելված էին Չարենցը, Րաֆֆին, Բակունցը և էլի շատ մեծեր, մոռացվեցի՞ն, չէի՞ն կարդում թաքուն, անգամ մահվան սպառնալիքի տակ: Հայ կամավորի անունն էր արգելված ոչ միայն՝ դասագրքերում, այլև՝ առօրյա խոսակցականում: Բայց գաղտնի ձեռք էինք բերում և փայփայանքով պահում էինք նրանց լուսանկարները, կարդում արգելված գրականություն: Թե լույսն էին անջատում, լուսնի լույսի տակ էինք կարդում, այնպես, որ անգամ մեր ընտանիքի անդամները չտեսնեին. նրանք էլ իրենց հերթին էին թաքուն կարդում:

Մի քանի սերունդ` հակառակ դպրոցի դաստիարակության և կայսրության գաղափարախոսության, մեկը մեկից թաքուն պահեց ու պահպանեց այն` ինչն իր արժեքն էր, ինքնությունն ու դիմանկարը, անգամ մահվան սպառնալիքով չկարողացան մեզ զրկել մեզնից: Սա անպտուղ, ջղեր քայքայող, էս գլխից տապալված նախաձեռնություն է, ինքնախաբեություն, սին փայփայանք: Ոչ մի ձեռք, լինի յուրային թե թշնամի, չի կարող մեզ մեր միջից հանել: Չլինելու բան է:

Պատերազմ երկու ճակատով. երկուսում էլ պարտավոր ենք հաղթել և՛ թշնամուն, և՛ յուրայինին: Մտավորականը կարող է ժամանակավոր պարտություն կրել, բայց միայն ժամանակավոր: Կարևորը մեր զինվորն է, առայժմ թաքուն կդաստիարակենք, ինչպես Արցախն ազատագրողներին էին դաստիարակել. քաջություն մեր զինվորին:

(Visited 10 times, 1 visits today)